ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               
 

«Ի վերջո, օպերան էլ կարող էր այդ ցանկում չլինել»

«Ի վերջո, օպերան էլ  կարող էր այդ ցանկում չլինել»
01.03.2019 | 04:22

Խորենացու փողոցի 13 հասցեում, «Շիրակ» հյուրանոցի հարևանությամբ գտնվող շենքի ապամոնտաժումը դժգոհությունների տեղիք է տվել: Շարունակում են քանդել Երևանը` ահազանգում են մասնագետներն ու մտահոգ երևանցիները:


«Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ը համարել է, որ այն չունի պատմամշակութային զգալի արժեք: Մշակույթի փոխնախարար Տիգրան Գալստյանը գրառում է արել իր ֆեյսբուքյան էջում, նշելով, որ նախկին կրթության և գիտության նախարարության շենքը, ցավոք, չի հանդիսանում պատմության և մշակույթի անշարժ հուշարձան, հետևաբար քանդման թույլտվության հետ ՀՀ մշակույթի նախարարությունն առնչություն չունի:


Երևանի քաղաքապետարանը պարզաբանել է, որ ապամոնտաժումն արվել է դեռևս 2004-ին, որի ժամանակ պահպանվել է միայն դիմային հատվածը, շենքը մասնավորեցնելուց հետո սեփականատերերը չեն նախատեսել ճակատային հատվածի պահպանում: Շինությունն էլ հուշարձան շենք չէ, ինչպես նաև ներառված չէ Երևան քաղաքի՝ ճարտարապետական տեսակետից արժեքավոր շենքերի կազմում: Քաղաքապետարանը ներկայացրել է նաև այդ հասցեում բիզնես կենտրոնի էսքիզային տարբերակները` նոր քննադատությունների տեղիք տալով:


Ճարտարապետ ՀՐԱՉՅԱ ՊՈՂՈՍՅԱՆԸ մեզ հետ զրույցում ասաց, թե ժամանակին ասվել է, որ դիմային հատվածը պետք է առաջ քաշվի ու ոչ մի դեպքում չքանդվի, հիմա չգիտի` ինչ է պատահել, ով է թույլատրել: Հուշարձանների ցանկում ընդգրկված չլինելը, նրա պնդմամբ, բավարար պատճառ չէ. «Ի վերջո, օպերան էլ կարող էր այդ ցանկում չլինել: Ո՛չ երիտասարդական պալատը կար ցանկում, ո՛չ «Զվարթնոց» օդանավակայանը, ո՛չ «Ռոսիա» կինոթատրոնը: Այսինքն բոլոր այն կառույցները, որ մենք համարում ենք բարձրարժեք, այդ ցանկում չկային»:


Խորենացի 13 և Մաշտոցի 13 (ներկայումս` դերասանի տուն) հասցեում գտնվող շենքերը տիպային են, և վերջինս ընդգրկված է հուշարձանների ցանկում: Դա կարո՞ղ է բավարար պատճառ լինել մեկի պահպանման, մյուսի` ապամոնտաժման համար: «Դերասանի տունը գուցե ընդհանուր նմանություն ունի, բայց դա ի՞նչ է ասում, եթե երկու հատ է, մեկ հատը ափսոս չէ՞»,- եղավ պատասխանը: Բավարար պատճառ չէ նաև ճակատային մասի խարխլված լինելը: «Այդ խնդիրը միշտ էլ կար,- ասաց ճարտարապետը:- Շենքի հետևի մասը ամբողջովին քանդվել էր, մնացել էր ճակատը, և այդ ճակատը պետք էր պահպանել, ապրեցնել, ոչ թե քանդել: Ես երեկ իմացա այդ մասին, մտածեցի` գուցե ապամոնտաժվում է, ինձ ասացին, ոչ թե ապամոնտաժվում է, այլ բուլդոզերով քանդվում»:
Քաղաքապետարանի ներկայացրած նախագծերին մեր զրուցակիցը ծանոթ չէ, ասաց, որ իրենց չեն հրավիրում քննարկումներին. «Այնտեղ մի ժամանակ քաղաքաշինության խորհուրդ կար, հիմա էլ գուցե կա, բայց ես չկամ այնտեղ»:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2951

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ